Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Զգուշորեն օգտագործենք «էլիտա» բառը, մինչև որ կարողանանք էլիտար տոհմեր ունենալ

Զգուշորեն օգտագործենք «էլիտա» բառը, մինչև որ կարողանանք էլիտար տոհմեր ունենալ
24.12.2025 | 17:30

Կրկին և նորից էլիտայի մասին

Իմաստուն դեմքեր ընդունած մի մեծ խումբ «համոզվածներ» չեն հոգնում տարիներով ու անընդհատ կրկնելուց, որ թող էլիտան միավորի ժողովրդին, թող էլիտան կազմակերպի այսինչ բանը, անի այնինչ բանը...

Շատ կուզենայի տեսնել այդ էլիտային։

Երևի խոսքը վերաբերվում է պաշտոն և ունեցվածք ունեցողներին։

Երևի մի մասն էլ, պաշտոնյաներին էլիտա անվանելիս, ազնվություն է ակնկալում։

Պաշտոնյան չի կարող լինել էլիտա, քանի որ պաշտոնից հեռանալու կամ հեռացվելուց հետո դառնում է նույնպիսի զրո (0), ինչպես մնացած բնակիչները։

Իսկ փողատերը կամ շատ փողատերը երբեք և ոչ մի դեպքում չի կարող էլիտար լինել, քանի որ նա գտնվում է իր ունեցածն ավելացնելու և այն պահելու մշտական մարմաջի, եռուզեռի ու հոգսերի մեջ։

Նա ամենաշատը կարող է եղածից ինչ-որ մասհանումներ անել մեծամեծ պաշտոնյաների թելադրանք-պարտադրանքով՝ հետապնդելով որոշակի շահեր, թեկուզ որոշ արտոնություններ ստանալու համար։ Եվ քանի որ դա անելու համար լինում է պարտադրանք, ուրեմն բացառվում է և՛ մեկի, և՛ մյուսի էլիտար լինելը։

Չեմ զլանա ևս մեկ անգամ կրկնելուց, որ ազգի (ոչ թե ժողովրդի) էլիտար մասի բջիջը պիտի լինեն լավ գիտնականը, ինժիները, գրողը, ուսուցիչը, բանասերը, պատմաբանը, ճարտարապետը, շինարարը, երաժիշտը, գյուղատնտեսը, ֆիզիկոսը, քիմիկոսը, մաթեմատիկոսը, զինվորականը, քաղաքագետը և այդպես շարունակ։

Դե, իսկ էլիտա տերմինը (մեկ անգամ ևս հիշեցնեմ) կենսաբանական տերմին է, որի դեպքում, նույն բարձր որակների ժառանգական վերարտադրության արդյունքում, առաջ կգա ուսյալ, կիրթ և ունակ զարմ կամ տոհմ, որին կընդունի ազգի խելամիտ և առաջադեմ մասը, այդ թվում՝ ճիշտ ընտրության պարագայում իշխանության ղեկին հայտնված ազգանվեր և ուսյալ մարդիկ։

Իսկ ներկա պահին վերոհիշյալ որակներով մարդկանց ուղղակի կոպտագույն կերպով դուրս են մղել երկրի համար աշխատելու և ստեղծելու գործընթացից։

Դրա փոխարեն երիտասարդ մարդկանց մի ստվար զանգվածի ներշնչում են «հին մտածելակերպ» ունեցող մարդկանց թեզը, ստեղծելով կիսագրագետ, ինքնուրույն մտածելակերպից միտումնավոր հեռացվող և հեռացված երիտասարդ սերունդ, ովքեր երբեք չեն դառնա ինքնուրույն և ազգի համար մտածող մարդիկ։

Մի՛ օգտագործեք այդ չարաբաստիկ «էլիտա» բառը, որի տակ նաև վարժեցնում եք մարդկանց «էլիտար շենք, թաղամաս, ավտոմեքենա» ու էլի ինչ-որ էլիտաների առկայությանը։

Զգուշորեն օգտագործենք «էլիտա» բառը, մինչև որ կարողանանք էլիտար տոհմեր ունենալ։

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 201

Մեկնաբանություններ